«Խաղաղ փոփոխություններ նախաձեռնությունը» անկախ, հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է օգնել հասարակություններին կառավարել լայնամասշտաբ փոփոխությունները ոչ բռնի ձևերով՝ նպաստելով երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ մեխանիզմների ու հարաբերությունների ձևավորմանը:

Փոփոխությունները հասարակությունում տեղի են ունենում ամեն օր։ Դրանք սովորաբար առնչվում են տարբեր շահերի, նպատակների և հեռանկարների հետ՝ կապված հասարակության կազմակերպման և ռեսուրսների բաշխման «ճիշտ» կամ «լավագույն» տարբերակների հետ: Հետևաբար, փոփոխությունները, գրեթե անխուսափելիորեն հանգեցնում են կոնֆլիկտների: Կոնֆլիկտներն առաջանում են այն ​​ժամանակ, երբ մարդիկ ունենում են, կամ կարծում են, որ ունեն տարբեր կամ հակադիր դիրքորոշումներ, շահեր և կարիքներ: Այնուամենայնիվ, հասարակություններում միշտ չէ, որ առկա են լինում բավականաչափ ամուր մեխանիզմներ և փոխհարաբերություններ կոնֆլիկտներն այնպես լուծելու համար, որ արդյունքներն ընդունելի լինեն տարբեր խմբերի համար: Հասարակություններում փոփոխությունների կառավարման ոչ ադեկվատ գործընթացները կարող են հանգեցնել այնպիսի իրավիճակների, որ մարդիկ հրաժարվեն իրենց նպատակները հետապնդելու խաղաղ միջոցներից և փոխարենը դիմեն բռնության:

«Խաղաղ փոփոխություններ նախաձեռնության» նպատակն է նվազեցնել բռնությունը և աջակցել մարդկանց իրենց հասարակություններում կոնֆլիկտային իրավիճակների ժամանակ պահպանել և ամրապնդել փոխհարաբերությունները և նպաստել զարգացմանը:

Առաքելություն

«Խաղաղ փոփոխություններ նախաձեռնության» առաքելությունն է կոտրել բռնի կոնֆլիկտների շղթաները և կառուցել հարատև խաղաղության համար անհրաժեշտ մեխանիզմներ և հարաբերություններ։

Տեսլական

Աշխարհ, որտեղ փոփոխություններին դիմակայող հասարակությունները կառավարում են կոնֆլիկտները ոչ բռնի եղանակով, ներառական երկխոսության և համագործակցության միջոցով:

Մեր արժեքները

Մեր աշխատանքը պետք է իրապես փոխի բռնի կոնֆլիկտներից տուժած մարդկանց կյանքը: Բոլոր այն մարդկանց, գործընկերների, ազգային կառույցների և դոնորների հետ, որոնց հետ մենք աշխատում ենք, մենք պարտավորվում ենք աշխատել հետևյալ արժեքներին համապատասխան՝

Ազնվություն. մենք ստանձնում ենք միայն այնպիսի աշխատանք, որը հիմնված է խորը վերլուծության վրա և, երբ մենք գիտենք, որ ունենք փորձառություն և կարողություն իրականացնելու այն: Մենք թափանցիկ ենք մեր գործում և մեր միջոցների ծախսերի ներկայացման հարցում, ինչպես նաև հաշվետու ենք մեր բոլոր գործընկերների առաջ:

Դիմադրողականություն. մենք աշխատում ենք կոնֆլիկտի բոլոր փուլերում: Բռնության գագաթնակետին մենք գտնում ենք կոնֆլիկտազգայուն կերպով աշխատելու եղանակներ՝ կապված անվտանգության ապահովման խնդիրների և կոնֆլիկտների շարժառիթների, ինչպես նաև մարդկանց կյանքն ավելի ապահով դարձնելու հետ: Գործընկերային հարաբերությունների կառուցումը ուժեղացնում է մեր դիմադրողականությունը:

Կարեկցանք. մենք հավատում ենք լսելու կարևորությանը, փորձում ենք հասկանալ և մտածել ուրիշի տեսանկյունից և քննարկել տարբեր տեսակետներ, նույնիսկ եթե մենք համաձայն չենք դրանց հետ: Մենք գնահատում ենք յուրաքանչյուր մարդու արժանապատվությունն ու այն ներուժը, որ նրանք ունեն կոնֆլիկտների փոխակերպման համար:

Ներառություն.  մենք գործում ենք անկախ և անկողմնակալ և աշխատում ենք հնարավորինս լայնորեն ներգրավել համապատասխան շահագրգիռ կողմերին` մշակելու կոնֆլիկտների կառավարման ավելի արդյունավետ մեխանիզմներ: Մենք աշխատում ենք ներգրավել բոլոր հնարավոր դերակատարներին խաղաղության կառուցման վերաբերյալ քննարկումներում:

Նորարարություն. մենք աշխատում ենք սովորել, անընդհատ կատարելագործել մեր մեթոդաբանությունը և մշակել խաղաղության կառուցման ստեղծագործական մոտեցումներ: Մենք կիսում ենք մեր գիտելիքները այն հույսով, որ այն կօգնի ուրիշներին խթանել խաղաղ փոփոխություններ և հարթակ տրամադրել խաղաղարարներին՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու համար: